Խայտառակ դեպք…բարձրաստիճան պաշտոնյան…

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Էդգար Վարագյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից բողոքարկվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմից կայացված դատավճիռը:

Այս գործը դատական քննության երկու լիակատար շրջան է անցել, երկու դատական պտույտը տևել է շուրջ 5 տարի:

Առաջին անգամ գործը քննվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Գործով կայացված առաջին դատավճիռը բեկանվել էր վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ու գործը վերադարձվել էր առաջին ատյանի  դատարան՝ նոր կազմով նոր քննության՝ ըստ վերաքննիչի սահմանած ծավալի:

33-ամյա ամբաստանյալ Էդգար Վարագյանը նախկին ոստիկան է: Նա կալանքի տակ է 2013 թվականի սեպտեմբերի 24-ից:

Վարագյանին մեղադրանք էր առաջադրված բռնաբարության, սեքսուալ բռնի գործողությունների, երկու մարդու, այդ թվում՝ անչափահասի առևանգման, ավազակային հարձակման և այլ հանցավոր արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր արարքների կատարման պահին 28-ամյա Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց  դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:

Դրանով չբավարարվելով, ըստ մեղադրանքի, Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանը, ըստ գործի տվյալների, տուժողներին ճանաչել է՝ նրանց առանձնատանը դեպքից կարճ ժամանակ առաջ վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում…

Գործի առաջին դատաքննության ավարտին մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը միջնորդել էր Վարագյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 18 տարի ազատազրկման:

Իրեն մեղավոր չճանաչող Էդգար Վարագյանը մեղավոր էր  ճանաչվել դատավճռով ու վերջին հաշվով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:

Ըստ դատավճռի՝ հօգուտ տուժողի՝ ամբաստանյալ Վարագյանից պետք է բռնագանձվի 3 միլիոն 907 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Որպես դատական ծախսեր՝ ամբաստանյալից պետք է բռնագանձվի  265 հազար 470 դրամ:

Գործի առաջին դատաքննությունը սկսվել էր 2014 թվականի փետրվարից: Վերը ներկայացված դատավճիռը կայացվել է 2014 թվականի նոյեմբերի 17-ին:

Այդ դատավճիռը բողոքարկվել էր ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպան Կ. Գրիգորյանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր բողոքարկված դատավճիռը 2015 թվականի ապրիլի 28-ին:

Գործն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչի կողմից դատավճռի  բեկանման համար հիմք էր ծառայել այն, որ առաջին դատաքննության ժամանակ գործում եղած ապացույցները, մասնավորապես՝ փաստաթղթերը, պատշաճ ձևով ու մանրակրկիտ չէին հետազոտվել, այլ միայն թվարկվել էին՝ ըստ մեղադրական եզրակացության: Վերաքննիչի սահմանած ծավալով՝ նոր դատաքննության ժամանակ առաջին ատյանի դատարանը գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը ամենայն մանրամասնությամբ հետազոտել է:

Գործի երկրորդ դատաքննությունը առաջին ատյանի դատարանում սկսվել էր  2016  թվականի փետրվարին ու տևել է… 2 տարի 3 ամիս:

Էդգար Վարագյանի գործով երկրորդ դատավճիռը հրապարակվել է 2018 թվականի մայիսի 3-ին:

Գործով մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դատաքննության ավարտին  միջնորդել էր Էդգար Վարագյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 18 տարի ազատազրկման:

Այս դատաքննության ավարտին ամբաստանյալ Էդգար Վարագյանը միայն 7 ամիս ներկայացրել է իր՝ 300 էջից ավելի ծավալ ունեցող պաշտպանական ճառը: Այս ցուցանիշը մեր դատական պրակտիկայում կարող է յուրօրինակ «ռեկորդ» համարվել…

Այս՝ երկրորդ դատավճռով ևս Էդգար Վարագյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու դատապարտվել է 15 տարի ազատազրկման: Նույնն են մնացել նաև հօգուտ տուժողի և հօգուտ պետբյուջեի Վարագյանից բռնագանձվելիք գումարների չափերը:

Գործով կայացված երկրորդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Պապիկյանը: Բողոքաբերը պահանջում էր արդարացնել Վարագյանին՝ սուտ ու կեղծիք համարելով առաջադրված ամբողջ մեղադրանքը և կայացված դատավճիռը՝ ամբողջությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է՝ առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը բեկանելու և Էդգար Վարագյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու իրավաչափ հիմք չկա: Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որը ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան, Մ. Արղամանյան կազմով, Էդգար Վարագյանի շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը մերժեց՝ անփոփոխ, օրինական ուժի մեջ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը

Աղբյուր

Be the first to comment on "Խայտառակ դեպք…բարձրաստիճան պաշտոնյան…"

Leave a comment

Your email address will not be published.


*